Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները. ՀՀ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին: Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք: Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն: Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները: Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի: Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում: