Search

Անմիջական ու ժպտերես. կարճ ասած` Նարինեն

Updated: May 26, 2019


Նարինեն է Հակոբյան` Վահագնի, ով Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ է: Նարինեն սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում: Ասում է, որ ավարտելուց հետո կապ չունի, թե որտեղ կաշխատի, կարևորը` իրեն լավ և ռեալիզացված զգա:

Նարինեն, փաստորեն, բավականին երազկոտ, բայց նաև գաղտնապահ աղջիկ է. չի ցանկանում խոսել իր երազանքների մասին:

Լրագրողական քննիչ հայացքով երկար նայեցի Նարինեին, և նա վերջապես բացահայտեց իր բազում երազանքներից գոնե մեկը:



«Դե, այնպիսի երազանք է, որ բոլորն էլ կունենան. ցանկանում եմ ճամփորդել և տարբեր մշակույթների հետ ծանոթանալ: Անկեղծ ասած, ԵԱԴ-ն այս երազանքիս իրականացմանը շատ է նպաստում: Շնորհակալ եմ դրա համար», - ասում է Նարինեն:

Նրա անհատականությունը ընդգծում է իր անմիջականությունն ու պարտաճանաչությունը:

Այս գծերը Նարինեին շատ են օգնում կյանքում: Սեփական փորձով է հասկացել, որ երբ անմիջականություն ես դրսևորում մարդկանց հանդեպ, ինքդ էլ կարող ես հասկանալ, թե ինչքան անկեղծ են և թե որքանով են պատրաստ «բացվել»: Ըստ նրա այդ մոտեցումը շփումն ավելի հեշտ է դարձնում:

«Երբ զգում եմ, որ բավականաչափ անկեղծ չեն ինձ հետ, հասկանում եմ, որ տվյալ մարդը իմը չէ, այն մարդը չէ, ում հետ ես պատրաստ եմ կյանքիս որոշակի հատված անցկացնել», -ասում է Նարինեն:


Նարինեին ոգևորող ու ոգեշնչող կերպարը իր պապիկն է:

«Պապիկս արդեն 77 տարեկան է, բայց դեռ աշխատում է, ստեղծում է ու արարում: Պապիկս երևի ինձնից էլ երիտասարդ է: Պատկերացնում ես, ինձ մինչև հիմա բուֆետի փող է տալիս», - ասում է Նարինեն:


Նա հիշում է իր երիտասարդության հետ կապված ամենախենթ դեպքը:

«Դասարանով գնացել էինք Ապարան` էքսկուրսիայի: Ճանապարհի կեսին էինք, երբ ուժեղ կարկուտ սկսվեց: Կարկտահատիկներն այնքան մեծ էին, որ սարերը սպիտակել էին: Դե պարզ է, թե որքան ուժեղ էր հարվածում կարկուտը պաշպանվելու ոչ մի բան չունեցող դպրոցականներին: Վերջապես ապաստանելու տեղ գտանք և տաք թեյ խմեցինք: Այդ գիշեր մնացինք Ապարանում. դասղեկս չթողեց այդպես տուն վերադառնալ: Գիշերն էլ խաղեր խաղացինք: Շատ լավ անցավ, չհաշված այն, որ առավոտյան կարկուտից կապտուկներ էին առաջացել մեր վրա: Կարծում եմ երիտասարդությունը երբեք էլ չի ավարտվում: Ինձ ավելի հասուն տարիքում էլ եմ Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ պատկերացնում», - ասում է Նարինեն:


Երիտասարդներին խորհուրդ է տալիս լինել ազատ, չկաշկանդվել ոչնչից, գնահատել և անպայման օգտագործել այն հնարավորությունները, որ տրված են իրենց:

«Ամենալավ օրգանը` «քթի ծակն» է», - կատակում է Նարինեն և հավելում՝ երիտասարդները պետք է իմանան, թե որտեղ ինչ պետք է անել, լինել զգուշավոր, բայց ոչ վախկոտ:

Նարինեն համոզված է, որ կամավորությունը զարգացնում է մարդուն, դպրոցական սև-սպիտակը նոր գույներ ու երանգներ է ստանում, նոր ծանոթություններ ես ձեռք բերում, ինչը կյանքում հաստատ օգտակար է: Կամավորությունը նաև փոխում է մարդկանց:

«Օրինակ` Վարդավառը ընդհանրապես չէի սիրում, բայց Վարդավառ միջազգային փառատոնի կամավոր լինելուց հետո անհամբերությամբ եմ սպասում Վարդավառին: Կամ հանրային միջավայրում հայտնվելուց, խոսելուց ամաչում էի ու կարմրում. Հայկական PR մրցանակաբաշխության կամավորության ընթացքում էլ այդ կոմպլեքսը հաղթահարեցի», - ասում է Նարինեն:


Նարինեն իր կյանքում 2 կարգախոոսով է առաջնորդվում՝ «Եթե մի բան չուզելով ես անում, ուրեմն անիմաստ ժամանակ ես ծախսում» և «Ավելի լավ է փոշմանես արածիդ համար, քան չարածիդ»:

Համարձակ նշանաբաններ են երիտասարդների համար: Կարելի է եզրակացնել, որ Նարինեն միշտ անում է այն, ինչ ուզում է անել և որ չի վախենում համարձակ արարքներից: Սա է պատճառը, որ չկա մի բան, որ ցանկացել է, բայց չի արել:

«Կարծում եմ կյանքի իմաստը կայանում է նրանում, որ սիրես այն ինչ անում ես» - եզրափակում է Նարինեն:

Հուսով եմ, որ Նարինեի պատմություններն ու խորհուրդները օգտակար և հետաքրքիր եղան ընթերցողին: Վայելեք երիտասարդությունը, քանի որ կյանքն իրոք կարճ է:

Արինե Մխիթարյան

#FYCA20 #ԵԱԴ20 #երիտասարդականակումբներիդաշնություն #նարինեհակոբյան #արինեմխիթարյան


Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png