top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անհասկանալի է, թե ինչ քրգործեր են հարուցվել. Բրյուսովի համալսարանի արձագանքը՝ դատախազությանը


Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անձնակազմը և ռեկտորը տարակուսած են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել համալսարանի մամուլի ծառայությունը։

«Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը:

Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Հավելենք` դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։


0 comments

Comments


bottom of page