Այս սահմանափակումները իշխանական պատգամավորներին անցանկալի հարցերը վերահսկելու նպատակ ունի

«Խորհրդարանի ղեկավարությու՞նը պիտի որոշի լրագրողներն ում մոտենան, ում՝ ոչ, ինչ նյութ գրեն»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրատվամիջոցների աշխատանքների սահմանափակումներին։
Երեկվա ԱԺ նիստի հեռարձակումը դադարեցնելն էլ, ըստ պատգամավորի, ԱԺ նախագահի կամայականությամբ է տեղի ունեցել.
«Օթյակից լրագրողներին հանեցին, որովհետեւ նրանք արձանագրում էին այն խայտառակ պատկերը ԱԺ դահլիճում էր, այն հայհոյանքները, որ պատգամավորները միմյանց տալիս էին։ Եթե դահլիճում դուք իրար հայհոյում եք, փողոցայինի նման եք ձեզ պահում, դա պիտի դառնա հանրությանը հասանելի։ Տարիներ շարունակ եղել են պատգամավորներ, որոնք շարիկ են խաղացել դահլիճում, խորը նիրհել են, ու այդ ամենը լրագրողները միշտ լուսաբանել են։ ԱԺ ղեկավարը հիմա քնկոտ պատգամավորներին լուսաբանելու հնարավորությունից զրկում է»։
Այս սահմանափակումները, Թովմասյանի խոսքով, նաեւ իշխանական պատգամավորներին անցանկալի հարցերը վերահսկելու նպատակ ունի։