Այս ծրագիրը կնպաստի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: ԱՆ-ից հայտնում են, որ Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Վարդանյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ընձեռվում օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի եվրոպական լավագույն փորձն ու այն ներդնել Հայաստանի հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման գործընթացներում, ռազմավարական փաստաթղթերի մշակման և միջոցառումների իրագործման գործում: Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև Եվրոպայի միության անդամ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության շարունակականությունը, որը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանում դիվանագիտական և միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Comments