Այս իշխանությունները կալանքը օգտագործում են որպես մարդկանց առողջությունը քայքայելու գործիք

Այսօր Հայաստանում կան 2 հազարից ավելի անազատության մեջ գտնվող անձինք. իրենցից 30 տոկոսից ավելի մոտ առկա են խրոնիկ հիվանդություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Միայն վերջին շրջանում տեսանք, թե կալանավորների, քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջությունն ինչ վիճակի հասավ, տեսանք տարածաշրջանում, Եվրոպական երկրների մասշտաբով աննախադեպ, ծայրահեղ ահավոր մի դեպք. դատարանում մարդու մահ, ապօրինի կալանավորված մարդու մահ։ Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում, ինչ փաստի մասին է սա խոսում, որ այս իշխանությունները արդեն կալանքը ոչ թե որպես մահակ, ապօրինի ռեպրեսիվ գործիք են օգտագործում, այլ մարդկանց առողջությունը քայքայելու գործիք»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դեսպանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների մասին արված հայտարարությանը՝ Վարդեւանյանն արձագանքեց.
«Ու այս պայմաններում Հայաստանում ԵՄ դեսպանը խոսում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ իբր չկան. դուք պատկերացնում եք մարդու՝ իրականությունից կտրված ու այս իշխանություններին աջակցելու քաղաքականությունը։ Այսինքն՝ ամեն մի էս դեպքերով մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է»։
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ եթե Եվրոպական ցանկացած երկրում նման դեպքեր են լինում, ապա մեղադրյալների նկատմամբ համաներում է կիրառվում. «Բայց օրվա իշխանությունները դա չեն անելու, որովհետեւ պետք է վախ, ահաբեկում մարդկանց, որ կարողանան իրենց աթոռի կառչած մնալ»։
Վարդեւանյանը շեշտեց, որ իրենց պայքարով գնալու են մինչեւ վերջ, հետքայլ չեն անելու. «Այս պայքարը զուտ այսօրվա իշխանությունների դեմ չէ։ Թուրքիայի ԱԳ նախարարն ամեն օր առիթ է ման գալիս, որ գամ ձեզ ասի՝ էս ինչ վատ բան եք անում, ինչու եք խանգարում օրվա իշխանություններին։ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ասում են, որ մեզ կասեցնելու են, որ հանկարծ մեր նպատակին չհասնենք, որովհետեւ իրենք գիտեն, երբ մենք միավորվում ենք՝ միայն հաղթում ենք:
Hozzászólások