ԼՐԱՀՈՍ
Search

Այս իշխանության նպատակն է հանձնել Արցախը, կազմաքանդել բանակը. Ղազինյան



Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ներկայացրել է, թե ինչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավո՞ր է միավորում նրա շուրջ: «Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները: Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել: Բայց․․․ Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի՞, թե՞ անձի ու իշխանության: Կարծում եմ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթով ու էությամբ պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում կտրուկ, անհաշտ ու վճռական: Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավո՞ր է միավորում նրա շուրջ: 2018թ․ սկսած՝ այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկերներ են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի՞ է միավորվել: Այո՛, բայց, եթե իհարկե ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր: Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները: Հնարավո՞ր է միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ: Այո՛, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը: Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը: Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ: Այո՛, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաստ ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները: Այս իշխանությունը որոշել է հայատյաց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել «проходной двор», հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը: Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ: Այո՛, եթե դու ատում ես հային ու Հայաստանը, տենչում ես հայի մահն ու Հայաստանի կործանումը: Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով՝ յուրաքանչյուր հայ մարդ թող ինքը որոշի՝ պատրա՞ստ է միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ: Ես իմ անունից ասում եմ, որ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ ․․․», - Facebook-ի իր էջում գրել է Ղազինյանը։

practice cover.png