«Այս ընթացքում կորոնավիրուսից ԱԻՆ 2 աշխատակից է մահացել». Ֆելիքս Ցոլակյան

Մինչև այսօր ՀՀ ԱԻՆ աշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակման 91 դեպք է գրանցվել, նկատվում է նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Ներսում տարածում չենք ունեցել, վարակման դեպքերի մեծ մասը դրսից ընտանիք բերելու հետևանք է: Ունեցել ենք 380 մեկուսացած եւ մահվան երկու դեպք: Այս պահին չորս հիվանդ ունենք, իսկ տարեց աշխատակիցներն աշխատում են հեռավար կարգով: Այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, որ վիրուսը ներսում տարածում չունենա, այլապես շատ կտուժենք, վարակի աղբյուր կդառնանք», - հայտնեց Ցոլակյանը: Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻՆ-ն իրականացնում է ազդարարման, առանձին տարածքների քիմմաքրման, ախտահանման աշխատանքներ. «138 000 օբյեկտ է մինչև օրս ախտահանվել, միայն երեկ ՝ հազարից ավելի: Ինչո՞ւ չեն տեսնում արդյունքը, որովհետև առավոտ շուտ է դա արվում, օրինակ ՝ Երևանի բոլոր կանգառներում: Նաև բանկեր, մեծ խանութներ. դիմում են, գնում ենք»