Այս ընթացքը մեզ տանում է դեպի թուրքական նավահանգիստ, որտեղ թուրքական խաղի կանոններ են. Ռ. Մելքոնյան
Թուրքիայի բերած նախապայմանների պատճառով է, որ Հայաստանը երկար տարիներ չի կարողացել հարաբերություններ հաստատել նրա հետ, որովհետև Հայաստանը չի նահանջել սկզբունքային կետերից, Թուրքիան էլ չի նահանջել իր սկզբունքներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումին իր ելույթում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր իր առջև դրել է մի քանի նախապայման, որոնցից հայտնի է երեքը՝ Արցախի Հանրապետությունը Թուրքիան չի ճանաչում, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը չի ճանաչում և նրա հստակ պահանջն է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, Հայոց Ցեղասպանությունը Թուրքիան չի ճանաչում և պահանջում է, որ հայությունը նույնպես հանի իր քաղաքական առաջնահերթությունից, սահմանների ճանաչում, այսինքն՝ պատմական հիշողության ուրացում և հայության հավաքական հիշողության պատմական Հայաստան եզրույթի վերացում։ Այդ նախապայմաններին գումարվել են նոր նախապայմաններ, որոնցից ամենահայտնին «Զանգեզուրի միջանցքն» է»,- նշեց Մելքոնյանը: Նա շեշտեց՝ այդ երեք նախապայմանների պատճառով է, որ Հայաստանը երկար տարիներ չի կարողացել հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. «Որովհետև չի նահանջել սկզբունքային կետերից, Թուրքիան էլ չի նահանջել իր սկզբունքներից։ Չնայած որ հայտարարում են, որ պրոցեսը գնում է առանց նախապայմանների, հստակ ասում է՝ եթե Հայաստանը հարաբերությունները կկարգավորի Ադրբեջանի հետ և կստորագրի խաղաղության պայմանագիր, որի համապատկերում Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, ապա Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի։ Այսինքն՝ Թուրքիան չի նահանջել իր նախապայմաններից»: Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ հայտարարել է, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հետ հաստատմանը, սակայն դեմ է նախապայմաններին. «Սա եղել է պետական գիծ»: Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն. «Նրանք Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպելու, շփվելու հարցում բարդույթներ չեն ունեցել, ինչու, որովհետև երեք նախագահներն էլ եղել են հաղթած պետականության նախագահներ, իրենք իրենց անձնական մասնակցությունն են ունեցել այս պետականության և հաղթանակի կերտման հարցում և Թուրքիայի ղեկավարների հետ նախկինում եղած հանդիպումները մեզ համար որևիցե բարույթ առաջացնող իրավիճակ չի ստեղծել»: Նա նշեց, որ 30 տարվա ընթացքում Թուրքիայի ղեկավարները, այդ թվում՝ Էրդողանը, միշտ ավելի խուսափող դիրքում են եղել Հայաստանի ղեկավարների հետ հանդիպելու համար. «Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպելը նրանց համար ավելի քան բարդույթավորված էր, որովհետև հասարակական ընկալման մեջ այդ անձինք Ադրբեջանին հաղթած անձինք էին: Արևելյան ընկալմամբ պարտվածի հետ հանդիպելը ոչ միայն կարելի է, այլ նաև ցանկալի է, որովհետև հանդիպումով ևս մեկ անգամ ամրագրում ես քո հաղթած լինելը, որ դու հաղթելով հանդերձ հանդիպում ես պարտվածի հետ: Պատմությունը ցույց է տալիս, որ պարտված ղեկավարն ախտահարում է պետության հնարավորությունները: Այս ընթացքը մեզ տանում է դեպի թուրքական նավահանգիստ, որտեղ թուրքական խաղի կանոններ են: Այդ պայմանները ու Հայաստանը ոևպես պետականության գոյություն անհամադրելի են»:
Comentários