Search

Այսօր Վարդավառ է


Այսօր Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն: Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին:

Վարդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ: Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել: Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia