Այսօր մենք ի վիճակի չենք հավատարիմ մնալ այս ավանդույթին. Դումանյան

Խորհուրդ եմ տալիս չսպասել հրաշքների, քանի որ գիտության եւ կրթության ոլորտի այսօրվա համեստ ֆինանսավորման պայմաններում դա պարզապես անհնար է: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենարան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Ընդ որում, նախարարը խոստովանեց, որ Հայաստանում խորհրդային շրջանում այս առումով ոչ մի էական խնդիր չէր ծագում:
«Այո, կար Խորհրդային Միություն, Խորհրդային Միությունը ներդնում էր անսահմանափակ միջոցներ եւ գիտնականների համար ձեւավորում ամենալուրջ պատվերները, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության, տիեզերագնացության ոլորտներում: Այո, ԽՍՀՄ-ում կար անվճար կրթություն, քանի որ պետությունը փոխհատուցում էր այդ ծախսերը: Այսօր մենք ի վիճակի չենք հավատարիմ մնալ այս ավանդույթին: Ուստի մենք անցել ենք վճարովի ծառայությունների մատուցման: Այսօր մենք ունենք մի քանի տասնյակ բուհեր, ինչը բացարձակապես լուրջ չէ, եւ դրա համար պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն»,- նկատեց Դումանյանը:
Միաժամանակ նախարարը նշեց, որ այսօրվա ուսանողները չեն ձգտում գիտնական դառնալ: Ավելին, բուհում մնալու եւ գիտակրթական աշխատանքով զբաղվելու մրցակցություն չկա: Այնուամենայնիվ, ըստ նրա, երկրում կան լուրջ, մոտիվացված, կրթված երիտասարդներ, բայց նրանք շատ քիչ են, իսկ լավ սովորող երիտասարդներից շատերը, դառնալով լավ մասնագետներ, բուհից հետո գնում են արտերկիր՝ բարձր վարձատրվող աշխատանքի: