Այսօր հայոց պետականությունը կանգնած է լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև. Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանըը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել: «Սիրելի հա´յ ժողովուրդ Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան: Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։ Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։ Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։ Աստված ապավեն հայկական պետականությանը»,-ասված է ուղերձում:
Comments