Այսօրվանից Telegram-ի Stories գործառույթը հասանելի կլինի բոլորին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի Stories հրապարակելու անվճար գործառույթը։ Այս մասին Դուրովը հայտնել է Telegram-ի իր ալիքում։
Դուրովը նշել է, որ գործառույթի անվճար տարբերակի գործարկումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլը։ «Թեև այս վերջին տասնամյակը հետաքրքիր էր, հաջորդ 10 տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կհասնի իր իրական ներուժին»,- գրել է նա։
«Telegram-ի հաջորդ քայլը կլինի դուրս գալ հաղորդագրություններ ուղարկելու սահմաններից և առաջնորդել ընդհանուր առմամբ սոցիալական մեդիայում առաջատար նորարարությունները: Մենք պետք է օգտագործենք մեր մասսայականությունը միլիարդավոր մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու, մեր մոլորակի մարդկանց ոգեշնչելու համար»,- գրել է նա։
Telegram-ը Stories գործառույթը գործարկել է այս տարվա հուլիսի 21-ին, սակայն այդ ժամանակ այն հասանելի էր ոչ բոլորին, այլ միայն Premium բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։ Ընկերությունը տեղեկացրել էր, որ հուլիսին Stories-ի հրապարակումը հասանելի է միայն Telegram Premium-ի բաժանորդներին և հնարավոր է բոլորին հասանելի դառնա օգոստոսին։
Stories-ը գտնվում է էկրանի վերևում. այն հայտնվում է միայն AppStore-ում և Google Play-ում մեսենջերի հավելվածը թարմացնելուց հետո:
Պավել Դուրովը Stories-ը գործարկելու մտադրությունների մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Նրա խոսքով՝ շատ օգտատերեր են խնդրել, որպեսզի այս գործառույթը ավելացվի հավելվածում։
Stories-ի հեղինակները, ըստ նրա, կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել դրանցից յուրաքանչյուրը: Նաև հնարավոր կլինի ընտրել, թե երբ է լրանում տեղադրված Stories-ի ժամկետը՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Կլինի նաև դրանք մշտապես օգտատիրոջ պրոֆիլի էջում ցուցադրելու տարբերակ՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական կարգավորումներով:
Comments