Ամփոփվել են 2022-ի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները. 33-ից 7-ը ԵՊՀ-ից են

Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել հանրապետության տարբեր բուհերի 33 ուսանող: ԵՊՀ-ից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 8 ուսանողներ, որոնցից 7-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։ ԵՊՀ-ից հայտնում են, որ ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող և ուսումնառության ընթացքում ակտիվություն ցուցաբերած ուսանողներին, ինչպես նաև աջակցել նրանց մասնագիտական հետագա կատարելագործման հարցում: Հանրապետական մրցույթն անցկացվել է՝ ըստ կրթական աստիճանների՝ բակալավր ու մագիստրոս, և ըստ ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: 2022 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներն են Րաֆֆի Շահմուրադյանը (կենսաքիմիա, 4-րդ կուրս), Արևիկ Ղռմաջյանը (կենդանաբանություն և մակաբուծաբանություն, մագ. 2-րդ կուրս), Աշոտ Մկրյանը (հայոց լեզու և գրականություն, մագ. 2-րդ կուրս), Հասմիկ Ափրեյանը (փիլիսոփայություն, 3-րդ կուրս), Նարե Շալունցը (լեզվաբանություն (կիրառական լեզվաբանություն, մագ. 2-րդ կուրս), Մարիամ Տաշյանը (սերվիս, 4-րդ կուրս), Գայանե Լալայանը (կառավարման հոգեբանություն, մագ. 2-րդ կուրս)։ Նշենք, որ 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, 2-րդ տեղը՝ 12, իսկ 3-րդ տեղում եղել է 8 ուսանող, որոնց կշնորհվեն կրթաթոշակներ։ Մասնավորապես 1-ին տեղը զբաղեցրած ուսանողներին կշնորհվի 458.000-ական, 2-րդ տեղը զբաղեցրած ուսանողներին՝ 348.500-ական և 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 233.000-ական դրամ կրթաթոշակ:
Comments