ԱՄՆ ՌԾՈՒ-ն վերանվանել է ականավոր օվկիանոսագետ-կոնֆեդերատի անունը կրող նավը

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են եւս մեկ նավի վերանվանման մասին՝ օվկիանոսագետ-կոնֆեդերատի հետ կապից ազատվելու համար, հայտնում է Fox News-ը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կվերանվանեն օվկիանոսագրական հետազոտական USNS Maury նավը, որը կրում է Մեթյու Ֆոնթեյն Մորիի անունը։ Շատերը Մորիին համարում են պատմության մեջ օվկիանոսագիտության կարեւորագույն առաջամարտիկներից մեկը: Նա տասնամյակներ շարունակ հարգված սպա է եղել ԱՄՆ ռազմածովային ուժերում, մինչեւ քաղաքացիական պատերազմի սկիզբը, երբ հրաժարվել է կռվել իր հարազատ նահանգի դեմ եւ միացել է Համադաշնությանը: USNS Maury-ը կվերանվանվի ի պատիվ 20-րդ դարի քարտեզագիր եւ օվկիանոսագետ Մարի Թարփի, որն առաջին անգամ քարտեզագրել է Ատլանտյան օվկիանոսի հատակը: Ներկայումս սկսվել է ռազմական օբյեկտների, նավերի եւ այլ օբյեկտների՝ կոնֆեդերատներից ոգեշնչված անվանումները հեռացնելու եւ նոր անուններով կոչելու գործընթաց: Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ սպառազինությունների ձեռքբերման եւ պահպանման հարցերով պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լա Պլանտը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է առաջնորդվել անցյալ ամառ Օբյեկտների անվանակոչման հանձնաժողովի կողմից տրված վերանվանման առաջարկներով: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կոնֆեդերատների անունով բազաների անվանափոխությունը կատարվել է «Հարավում Ջիմ Քրոուի օրենքների ծաղկման ժամանակաշրջանում» (ռասայական տարանջատման մասին օրենքներ - խմբ.)՝ փորձելով ստանալ աջակցություն հարավցիներից՝ անտեսելով սեւամորթ զինվորականների շահերը։
Comentários