ԱՄՆ Պետդեպը մի շարք հակառուսական պատժամիջոցներ է սահմանել
- Anews
- Feb 24, 2023
- 1 min read

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տասնյակ շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ ռուս ինը նախարարների, այդ թվում՝ մշակույթի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, սպորտի եւ թվային զարգացման նախարարության ղեկավարների հանդեպ, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարության համաձայն՝ ցուցակում են հայտնվել Ռուսաստանի ավելի քան 40 նահանգապետներ եւ հանրապետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը, գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը, բնական պաշարների եւ էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովը, ԱԻՆ նախարար Ալեքսանդր Կուրենկովը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուտ Շադաեւը եւ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն առնչվել են նաեւ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաեւ ВГТРК-ի լրագրող Օլգա Սկաբեեւայի նկատմամբ։ «Օլգա Վլադիմիրովնա Սկաբեեւան ներառված է (սահմանափակող) ցուցակում... Եվգենի Պոպովի կինը լինելու համար, որի ունեցվածքն ու հաշիվները արգելափակված են։ Սկաբեեւան եւ նրա ամուսինը՝ Պետդումայի պատգամավոր Պոպովը, վարում են ռուսական թոք-շոու, որտեղ նրանք հիմնականում տարածում են ռուսական քարոզչություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի դեմ պատերազմի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես պարզաբանել են ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում, սահմանափակումները մտցվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանն աջակցելու հարցում այդ անձանց վերագրվող դերի հետ կապված։
Commentaires