ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է COVID-19-ի ծագման հետաքննությունը

Կոնգրեսի՝ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը սկսել է COVID-19-ի ծագման հետաքննությունը՝ տեղեկություններ պահանջելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից եւ նախկին գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչիից։ Կորոնավիրուսային համավարակի գծով հատուկ ենթակոմիտեն ստուգում է, մասնավորապես, վիրուսի արհեստական ծագման եւ չինական լաբորատորիայից (որը դրամաշնորհ է ստացել այդ թվում եւ ԱՄՆ-ից) դրա արտահոսքի վարկածը։ «Ամերիկացի ժողովուրդն արժանի է ունենալու իրական պատասխաններ տառապանքների մի քանի տարիներից հետո, որոնք նրան պատճառել են կորոնավիրուսային համավարակն ու համավարակին կառավարության արձագանքի միջոցները։ Հետաքննությունը պետք է սկսվի նրանից, որ պետք է պարզվի, թե որտեղ եւ ինչպես է հայտնվել այդ վիրուսը»,- մամուլի հաղորդագրությունում մեջբերվել են ենթակոմիտեի համանախագահ Բրեդ Վենսթրուպի խոսքերը։ Նրա գործընկեր Ջեյմս Քոմերը հայտարարել է այն մասին, որ «ավելանում են (չինական Ուհան քաղաքի) ոչ անվտանգ լաբորատորիայից վիրուսի արտահոսքի ապացույցները»։ Լաբորատորիան ֆինանսավորվել է այդ թվում եւ ամերիկյան հարկատուների փողերով՝ EcoHealth Alliance հասարակական կազմակերպության միջոցով։ Նա ենթադրել է, որ ԱՄՆ իշխանությունները կարող էին իմանալ սրա մասին եւ միտումնավոր թաքցնել։
Comentarios