ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. Փալոն
- Anews
- Feb 23, 2023
- 1 min read

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի՝ հայտարարել է Ֆրենկ Փալոնը։«ԱՄՆ պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի այս որոշմանը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:Նշենք, որ նախօրեին Արդարադատության միջազգային դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի հայցը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ եւ միաձայն մերժել Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, որը փակվել է ավելի քան երկու ամիս, ապահովել մարդկանց, մեքենաների եւ բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Դատարանը բավարարել է ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի հայցը և պարտավորեցրել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։ Միաժամանակ ՄԱԿ-ի դատարանը նշել է, որ բավարար փաստարկներ չկան, որ Ադրբեջանն է խափանել ԼՂ գազամատակարարումը։Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի հայցը։ Ադրբեջանի մեղադրանքները կապված են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ենթադրյալ հանքարդյունաբերության հետ, «որպեսզի ազգությամբ ադրբեջանցիները չվերադառնան իրենց տները»։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի մարդկանց՝ վերադառնալու իրենց մշտական բնակության վայրերը։
Comentários