ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ին զինամթերք մատակարարողների նկատմամբ

ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց, երկրների եւ ընկերությունների նկատմամբ, որոնք զինամթերք են մատակարարում Ռուսաստանին կամ աջակցում են նրա ռազմարդյունաբերական համալիրին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն ասել է, որ նախարարությունը ցուցումներ կտրամադրի՝ պարզաբանելով, որ Վաշինգտոնը պատրաստ է եւ կարող է նման կոշտ միջոցներ կիրառել: «Այսօր առավոտյան Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը ուղեցույց է տվել, որում հստակ ասվում է, որ մենք պատրաստ ենք եւ կարող ենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին զինամթերք մատակարարող կամ ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող անհատների, ընկերությունների կամ երկրների նկատմամբ», - ասել է Ադեյեմոն։ Բացի այդ, ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) եւ Առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն կուրվագծեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ ձեռնարկված գործողությունները եւ կնշեն Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերողների ռիսկերը:
Comments