ԱՄՆ Արևելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Դրանց հայտնվելը արդեն նկատվել է Վիրջինիա, Մերիլենդ եւ Ջորջիա նահանգներում: Հողի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ակնկալվում է, որ միջատների «գրոհը» կտարածվի մյուս նահանգներում, որտեղ դրանք բնադրվում են: Ցիկադների խտությունը կարող է հասնել 370 միլիոնի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա:
«Սա բավականին տպավորիչ երեւույթ է, քանի որ մոտ մեկ ամիս շարունակ ցիկադները «գրավում» են իրենց շուրջն ամեն բան: Մոտակայքում կարող են տրիլիոնավոր մրջյուններ լինել, սակայն դրանց վրա մեծ մասամբ ուշադրություն չես դարձնում: Իսկ ցիկադները խոշոր, աղմկոտ, ակտիվ միջատներ են, որոնք հիանալի տեսք ունեն եւ շատ խարիզմատիկ են: Դրանց հնարավոր չէ անտեսել», - նշել է միջատաբան Ջոն Քուլին:
Պարբերական ցիկադները, որոնք հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում, հողի մակերես են դուրս գալիս յուրաքանչյուր 13 կամ 17 տարին մեկ: Մեկ ամսվա ընթացքում միջատները զույգավորվում են, ձվադրում, բազմանում եւ սատկում: Այնուհետեւ, հայտնվում են թրթուրները, որոնք անմիջապես թաքնվում են գետնի տակ եւ սպասում հաջորդ «գրոհին»: