ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր ծրագիրը. Հայաստանը 171,1 մլն դոլարի նոր վարկ կստանա
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին` հասնելու ներդրումների, գիտելիքի և արտահանման վրա հիմնված աճին` պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունը: Նոր ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետային, այդ թվում՝ հարկային քաղաքականության, հարկային վարչարարության, ծախսերի արդյունավետության, պետական ներդրումների կառավարման և ֆիսկալ ռիսկերի կառավարմանմ ինչպես նաև դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը: Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը, որն ապահովվել է սպառման և եկամուտների, կապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերով: Չնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստում: Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաև կայուն և ներառական աճի ապահովման հարցում: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում: Նշենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմել է 9 մլրդ 525 մլն դոլար։
Comments