ԱՄԷ-ում բացվել Է Վատիկանի դեսպանատունը

Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) ուրբաթ օրը՝ Մարդկային եղբայրության միջազգային օրը, տեղի է ունեցել Առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատան) բացման արարողությունը: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչության բացումը (ԱՄԷ-ում) վկայում է առկա երկկողմ լավ հարաբերությունների մասին։ Կցանկանայի նաեւ ընդգծել, որ այս տարի լրանում է դիվանագիտական կապերի հաստատման 15-ամյակը։ Ես համոզված եմ, որ այս ընթացքում ձեւավորված հարաբերությունները հիմնված են հավատի կարեւորության փոխադարձ ըմբռնման եւ այն դրական դերի վրա, որը կրոնը պետք է խաղա հասարակության մեջ», - հայտարարել է Սուրբ Աթոռի ՝ ընդհանուր գործերի գծով պետքարտուղարի տեղակալ, մոնսենյոր Էդգար Պենյա Պարրան:
«Դա հաստատվել է երեք տարի առաջ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ 2019 թվականին այդ երկիր կատարած այցի ժամանակ, երբ նա եւ «Ալ Ազհար» Իսլամական համալսարանի Գերագույն իմամ շեյխ Ահմեդ աթ-Թեյիբը ստորագրել են «Մարդկային եղբայրության մասին՝ հանուն խաղաղության եւ խաղաղ գոյակցության» նշանային փաստաթուղթը», - նշել է նա։
2019 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դարձավ առաջին քահանայապետը, որն այցելել էր Արաբական թերակղզի, եւ նրա այցը, որը պատմական էին անվանում, ծառայել է կրոնների միջեւ երկխոսության ամրապնդմանը: Աբու Դաբիում նա ելույթ է ունեցել մահմեդական ավագների խորհրդի կազմակերպած միջկրոնական հանդիպման ժամանակ, որին մասնակցել են տարբեր կրոնների եւ դավանանքների շուրջ 700 ներկայացուցիչներ: Բացի այդ, Ֆրանցիսկոսը աշխարհի խոշորագույն իսլամական «Ալ Ազհար» համալսարանի շեյխ Ահմեդ աթ-Թեյիբի հետ ստորագրել է ծայրահեղականությանը դիմակայելու մասին համատեղ փաստաթուղթ, որում դատապարտվում են կրոնական պատերազմները:
Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ իր տեսաուղերձում Հռոմի Պապը կարեւորել է ժողովուրդների միջեւ համերաշխությունը:
«Մենք բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ՝ անկախ վայրից և կենսակերպից, մաշկի գույնից, կրոնից, սոցիալական դասից, սեռից, տարիքից, առողջական եւ տնտեսական վիճակից։ Մենք բոլորս տարբեր են, միեւնույն ժամանակ՝ նույնը, եւ պանդեմիայի ժամկետը ապացուցել է մեզ, որ, կրկնում եմ եւս մեկ անգամ, միայնակ մենք մեզ չենք փրկի», - ասել Է քահանայապետը։