Ամառային, կրթական ու զարգացնող ճամբար՝ շուրջ 100 փոքրիկների ու պատանիների համար
Ամառային, կրթական ու զարգացնող ճամբար՝ շուրջ 100 փոքրիկների ու պատանիների համար: Երևանի քաղաքապետարանի և «Դե ժպտա» բարեգործական կազմակերպության համատեղ ծրագրում ընդգրկված են զարգացման առանձնահատուկ պայմանների անհրաժեշտություն ունեցող շահառուներ: Ծրագրի լիարժեք իրագործումն ապահովում են համյանքային երկու կառույցները՝ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնն ու Պատանեկության ստեղծագործական կենտրոնը: «Շուրջ չորս ամիս է իրականացնում ենք մեծածավալ ծրագիր՝ համագործակցում ենք և Երևանի քաղաքապետարանի, պարետատան և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Պատրաստում էինք սոցիալական պարենամթերքի փաթեթներ և սոցիալական աջակցություն ենք ցուցաբերել 6000 և ավելի ընտանիքների: Գիտակցելով, որ այս պահին ամենակարիքավորը հենց զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները են, որոշեցինք այս ծրագիրն իրականացնել: Այս հարցում ևս մեզ աջակցեց Երևանի քաղաքապետարանը»,- նշում է «Դե ժպտա» բարեգործական կազմակերպության հիմնադիր Լանա Հովհաննիսյանը: «Հոյակապ համագործակցություն է՝ հանրային և հասարակական ոլորտի, ինչը ոլորտի պատասխանատուները, մեր պարագայում՝ Երևանի քաղաքապետարանը բազմիցս ողջունում է, ու սա այդ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Որոշվեց, որ կստեղծվեն փոքրիկ, շաբաթային ճամբարներ, որտեղ երեխաները կկարողանան մեկ ամբողջ շաբաթ զբաղված լինել փոխշաղկապված դասերով»,- ասում է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տնօրեն Անուշ Սարգսյանը: Նախապատրաստական աշխատանքներ են եղել, մշակվել է համալիր ծրագիր: Երեխաների ճամբարային առօրյան մեկնարկում է պարետատան կանոնների պահպանմամբ: «Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքներն անհամեմատ ավելի բարդ է կազմակերպել, քան սովորական պայմաններում, այդուհանդերձ, երբ ամեն ինչ անում ենք սիրով ու պատրաստակամությամբ, և երբ կարևորվում են հենց զարգացման ծրագրերը, բոլորը միաժամանակ կամավորներով, ընտանիքներով, ընկերներով և գործընկերներով կարողանում են մեկ գաղափարի շուրջ համախմբվել: Անշուշտ, այստեղ չափազանց կարևոր էր կամավորների մասնակցությունը, և կարևոր է, որ Երևանի քաղաքապետարանը նման ծրագրերին շարունակական աջակցություն է ցուցաբերում»,- ընդգծում է Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը: «Պահպանվում են բոլոր պայմանները՝ սկսած մուտքի մոտից ախտահանումից մինչև երեխաներին սոցիալական հեռավորություն պահպանել սովորեցնելը: Արվում է առավելագույնը, որպեսզի այս իրավիճակում ոչ մի խնդիր չծագի: Աշխատում ենք նաև այնպես, որ դա չլինի ընկճող երեխաների համար: Նրանք ունեն զարգացման առանձնահատկություններ, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում իրենք շատ նուրբ արձագանք կարող են տալ»,- ասում է ուղղորդող մասնագետների համակարգող Հայկ Խաչիկյանը: Ճամբարականների հանդեպ մոտեցումն առանձնահատուկ է՝ հետաքրքիր ու մարզամշակութային շնչով լեցուն օրն ապահովված: Երեխաների հետ աշխատում են արհեստավարժ անհատներ: «Ծրագիրն ընդհանուր առմամբ ներառում է պարային, մշակույթ, ստեղծագործական և երաժտաթերապիա և ադապտացնող ֆիզկուլտուրա: Հարցումների շնորհիվ հասկացանք, որ երեխաների դեպքում հիմա շատ անհրաժեշտ է այդպիսի միջոցառումները, որպեսզի արագորեն կարողանանք շտկողական, վերականգնողական աշխատանք տանել և երեխաներին օգնենք մի քիչ լիցքաթափվել, հուզական լարվածությունը թոթափել»,- նշում է «Քոքո քեմփ» մանկական ճամբարի նախաձեռնող խմբի ղեկավար Հասմիկ Թանգյանը: «Այս ծրագրում ներգրավված են փորձառու մասնագետներ. ունենք հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, նույնիսկ սուրդո մանկավարժներ, որոնք ամենաքիչն ունեն մեկ կամ մի քանի տարվա գործնական փորձ: Դա մեր ամենակարևոր պայմաններից էր այս թիմին միանալու տեսակետից»,- ասում է Հայկ Խաչիկյանը: Ամառային ճամբարն աշխատանքը սկում է վաղ առավոտյան և շարունակում մինչև կեսօր:
Comentarios