Search

Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այստեղ հերթական անգամ բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբան էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը: Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում է: Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է: «Տեսեք՝ մենք այսօր ինչ իրավիճակ ունենք: Ենթադրենք, այսօր Երևան քաղաքում կա մեկ օպերատոր աղբի հավաքման, և ինքն իր պարտավորությունները չի կատարում: Լավ, մեկ անգամ տուգանեց քաղաքապետարանը, երկու, երեք, չորս անգամ տուգանեց, և արդյունքում ի՞նչ պետք է լինի, եթե շարունակում է չկատարել իր պարտականությունները, ի՞նչ պետք է անի քաղաքապետարանը: Պետք է խզի պայմանագիրն այդ ընկերության հետ, ճի՞շտ է: Հիմա այսօր ենթադրենք խզեց պայմանագիրն այդ ընկերության հետ, և ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Երևան քաղաքում աղբ հավաքող մարմին ընդհանրապես գոյություն չունի, այսինքն, որ խզեց, պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին կամ մինչև խզելը պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին: Երբ նույնիսկ առանց խզելու հայտարարեց մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին, հին օպերատորն արդեն տեսավ, որ իր հետ հարցերն լուծված են, այսինքն՝ իր մոտ արդեն ճամպրուկային տրամադրություններ են, իրեն արդեն ընդհանրապես չի էլ հետաքրքրում աղբի հավաքման գործընթացը: Նշանակում է՝ ինքը եթե պայմանագրի առկայության պայմաններում, երբ ինքը դեռ շանս ունի, վատ է հավաքում, երբ ինքը հասկանում է, որ ընդհանրապես շանս չունի, ինքն ավելի վատ է հավաքում: Հետևաբար, մենք մինչև նոր օպերատորի ներգրավումն ունենք մի դատարկ շրջան, որ ըստ էության, չունենք Երևան քաղաքում աղբ հավաքող, աղբի հավաքման գործով զբաղվող կառույց: Հետևաբար, ի՞նչն է այս պրոցեսի իմաստը: Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի մտածածը հետևյալն է, որ պետք է լինի մի այսպես ասած, մարմին, որն անցումային փուլում կարողանա ինչ-որ ձևով իրականացնել աշխատանքը, իսկ գլոբալ առումով մոտեցումը հետևյալն է, որ չի կարելի ամբողջ աղբահանությունը տալ մի օպերատորի, որովհետև այսպիսի ռիսկեր են առաջանում: Ըստ նախնական ծրագրի՝ պետք է լինի մի մասնավոր օպերատոր ներգրավված, և Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ օպերատորի անգործության պարագայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի հրավերով կառավարության նիստին աղբահանության վիճակի և քննարկվող որոշման նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը, մասնավորապես նշել է, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիտեկի»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է: «Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», - ասել է Հայկ Մարությանը և հայտնել, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Երևանի քաղաքապետը հանգամանալից ներկայացրել է աղբահանության ոլորտում ներկայումս առկա խնդիրները և նշել. «Խնդիրներն այսօր շատ լուրջ են և մենք պետք է ուղղակի այս խնդիրներին լուծում տանք»:

«Համոզված եմ, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեք, որպեսզի խնդիրը չսրվի: Փորձ անենք առնվազն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում նաև այլ ընկերություններ, եթե հիմա հետևում են քննարկումներին, կարող են այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: Կարծում եմ՝ վատ չի լինի, որ նաև այդ աջակցության առաջակությունը լինի: Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png