top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար պետական նոր հիմնադրամ կստեղծվի



Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշում կայացրեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։ «Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։ Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում։ Այս որոշմամբ հիմնադրվող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները։ Նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ այսպիսով Ակադեմիական քաղաքի հարցը ֆիզիկական մասով տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու են նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը։ «Այս որոշմամբ մենք նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության համար, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է և ծրագիրն է, որը մենք դեռ պետք է իրականացնենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։

0 comments

Comments


bottom of page