Search

Ալմազբեկ Աթամբաևին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում


Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, ում մեղադրում են սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապաշտպան Ռիտա Կարասարտովան:

Երեքշաբթի երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հանձնվել է մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների ծանուցում, ինչպիսին են զանգվածային անկարգությունների կազմակերպումը, սպանությունը, սպանության փորձը, պատանդներ վերցնելը եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառումը: Հատուկ ծառայությունների վարկածով՝  պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում էր նախապատրաստում:

«Չպետք է իրավաբան լինել հասկանալու համար, որ նման առանձնապես ծանր հոդվածների հանրագումարով Աթամբաևին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում»,- հայտարարել է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ ինքը դեռևս պատրաստ չէ Աթամբաևին առաջադրված նոր մեղադրանքները գնահատելու, քանի որ դրանց հիմնավորվածությունը պետք է հաստատեն քննությունն ու դատարանը: «Սակայն բոլորս հիմա տեսնում ենք, որ իշխանությունների եւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից ուղղակի տեղի է ունենում «մանեկների պտտում»: Փակում են հեռուստաալիքները, մարդկանց ձերբակալում են միայն այն բանի համար, որ ապրում են Կոյ-Տաշ գյուղում, որտեղ տեղի են ունեցել բախումները: Եվ այս ամենը սկսել է Աթամբաևն ինքը, երբ երկրի նախագահն էր: Նա հիմա պարզապես հավաքում է սեփական քաղաքականության պտուղները»,- շեշտել է նա:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաևի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչև առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետևանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ և մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր  համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia