top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ալիևի արձագանքն անհասկանալի է. Իրանի ԱԳՆ



Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծմանը երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ  Նասեր Քանաանին։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության եւ բոլոր հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, եւ հարեւանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, թե այդ հարաբերություններն ուղղված են մյուս հարեւանի դեմ»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես շեշտը դրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության եւ նրանց տարաձայնությունների խաղաղ կարգավորման վրա՝ հետեւելով իրավունքներին միջազգային իրավունքների շրջանակում։ «Ահա թե ինչու Իրանը դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան եւ աջակցել հողերի ազատագրմանն ամենաբարձր մակարդակով»։

Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարություններին Հայաստանի հետ Իրանի կապերի վերաբերյալ։ «Արդեն մոտ երկու տարի Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական անձինք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքկան, զինվորական եւ անվտանգության մակարդակներում՝ մշտական խաղաղության եւ հաշտեցման ճանապարհին, ինչին սատարում է Իրանը, բայց Բաքվի մտավախությունների պատճառները հարեւանական հանդիպումների առիթով անհասկանալի են»։

Խոսելով ԻՀՊԿ-ի զորավարժությունների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների մոտ՝ դիվանագետը դրանք անվանել է սովորական եւ նախապես պլանավորված, որոնց մասին երկու հարեւան երկրները նախապես տեղեկացված են եղել պաշտոնական ուղիներով։

Նրա խոսքով՝ կովկասյան խնդիրրի լուծման ուղին անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու միջով։

Իսլամական հանրապետությունը, ավելացրել է նա, մեկ անգամ եւս հայտարարում է  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չլուծված խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության մասին տարբեր ձեւաչափերում, ներառյալ երկկողմ, եռակողմ ձեւաչափերը, ինչպես նաեւ համագործակցության մեխանիզմը «3+3» ձեւաչափում, որին մասնակցում են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը եւ գումարած Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։



0 comments

Comments


bottom of page