Search

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը նորոգվում է

Համայնքային ենթակայության մարզական օջախների գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շրջայց են կատարել մի շարք մարզադպրոցներում: 55 տարվա պատմություն ունեցող «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց»-ը նորոգվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: Միջազգային ամենաբարձր հարթակներում մրցանակներ նվաճող մարզական օջախը հիմնադրման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել: Այցեր են իրականացվել նաև «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»: Շենգավիթ վարչական շրջանում գործող մարզադպրոցն այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Շուրջ 1200 սան ունեցող մարզական օջախում հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն տարվել: Տեղերում կառույցների ղեկավարների հետ քննարկվել են մարզադպրոցների նորոգման և բարեկարգման հնարավոր ուղիներն ու ծրագրերի իրականացումը: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ քաղաքային իշխանությունն առանձնակի է կարևորում մարզական օջախների պայմանների բարելավումն ու սպորտաձևերի զարգացումը: Աշխատանքային շրջայցերը կրելու են շարունակական բնույթ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia