top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԻՆ աշխատակցի օրվա առիթով պարգևատրվել են Շիրակի մարզի փրկարարները


Փրկարարի  օրվա առիթով այսօր տոնական միջոցառում է անցկացվել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում: Նրանց շնորհավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ձևավորման 23 տարիների ընթացքում փրկարարական ծառայությունը նաև Շիրակի մարզում է ընդլայնվել։Այսօր  Գյումրիում, ինչպես նաև Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ու Արթիկի տարածաշրջաններում գործում են հրշեջ – փրկարարական ջոկատներ, մարզն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն։ Գյումրիում ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ ունենալու ծրագրեր կան :

Փրկարար ծառայության ձևավորման պատմությունը Գյումրիում սկսվում է կենտրոնում գտնվող այս շենքով: Գյումրիի առաջին հրշեջ մասի շենքն է, որը կառուցվել է 1931 թվականին: 3 տարի առաջ հրշեջ-փրկարարական ջոկատն այստեղից տեղափոխվել է, բայց կառույցի դիրքն ու յուրօրինակ աշտարակը  հիշեցնում են, որ 89 տարի առաջ այն եղել է քաղաքի ամենաբարձր կետը, որտեղից տեսանելի է եղել ամեն ինչ: Սկզբում խորհրդային հրշեջ մասում, հետո հրշեջ-փրկարարական ջոկատում, այժմ էլ փրկարարական վարչության պետ…Սա Ալեքսան Գյոզալյանի աշխատանքային 40 տարիների ուղին է: Շիրակի մարզի փրկարարական վարչության պետը համակարգի երկարակյաց ծառայողներից է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվողներից մեկն էլ նա էր: Պատվոգրեր ու հուշանվերներ հանձնվեցին փրկարարական վարչության այն աշխատակիցներին, ովքեր ծառայության ընթացքում աչքի են ընկել: Փրկարարն ոչ թե աշխատանք է, այլ կոչում ու արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու ունակություն: Ապացույցը փրկարարների աշխատանքն էր հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Սառույցի հաստ շերտի ու ջրի մեջ մնացած մարդկանց ու մեքենաներին սկզբում փրկարարները օգնության հասան առանց հատուկ արտահագուստի ու գործիքների: «Խնդիրը, որը դրված է ձեր առջև ,ամենաբարդն խնդիրներից է: Դուք ունեք բազմաթիվ ճակատներ ,և եթե բանակը տեսնում է հատուկ խնդիր, ձեր խնդրակազմերը շատ տարբեր են և շատ անկանխատեսելի: Այս է առանձնահատկությունը,որով հայ փրկարարը ծառայություն է իրականացնում և իրականացնում է պատվով»,- իր շնորհավորական խոսքում նշեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ձևավորման 23 տարիների ընթացքում Շիրակի մարզում փրկարարական ծառայությունը համալրվել է մասնագիտական կադրերով ու տեխնիկայով:Անցած տարի 15 նոր հրշեջ մեքենաներով է համալրվել ծառայությունը, ևս մեկը կստանան շուտով: Շուտով Գյումրին նաև երկրորդ հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա: Նախատեսված է նոր շենքի շինարարությունը սկսել այս ամիս ու ավարտել հաջորդ տարվա գարնանը:

0 comments

Hozzászólások


bottom of page