ԱԺ քառօրյայում կքննարկվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ընդգրկված է վաղվա՝ մայիսի 4–ին, գումարվող ԱԺ նիստերի օրակարգում։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը տեղի կունենա մայիսի 5-ի առաջին հիմնական նիստում: Այս մասին Anews.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից։
Հիշեցնենք, որ դեռ 2020թ. նոյեմբերի 20–ին էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել Ազգային ժողովի նախագահին։ Թեեւ այն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, պետք է ԱԺ հերթական նիստում քննարկվեր այդ օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն միայն հիմա է որոշվել այն քննարկել։
Հավելենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ․-ի մայիսի 31-ին՝ վեցամսյա ժամկետով, սակայն, նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր: 2020թ․-ի հունիսին՝ մեկ տարվա աշխատանքներից հետո, քննիչ հանձնաժողովն ավարտել էր աշխատանքները, եւ նախատեսվում էր, որ աշնանը զեկույցը կհրապարակվի, բայց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով զեկույցի հրապարակումը հետաձգվեց։