ԱԺ-ն ընդունեց ատեստավորում անցնելու դեպքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար սահմանող նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:
Նախագծով նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Այդ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ:
Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա:
Comments