ԱԺ հանձնաժողովը քննարկեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածությունը

Փետրվարի 14-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Ջանջուղազյանը մեծ աշխատանք պետք է տանի՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Թեկնածուն, իր հերթին, վստահություն հայտնեց, որ բացառապես պետական եւ հասարակական շահերով առաջնորդվող բոլոր ուժերի հետ համատեղ աշխատանքի ընթացքում կհաջողվի բարձրացնել բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը։ «Մենք կկարողանանք բոլորովին այլ մակարդակի հասցնել պալատի արդյունավետությունը»,- վստահեցրեց Ատոմ Ջանջուղազյանը։ Համեմատաբար կարճ քննարկումից հետո հանձնաժողովը, ինչպես եւ սպասվում էր, դրական եզրակացություն տվեց Ջանջուղազյանի թեկնածությանը։