Search

Ազգային ժողովը սահմանեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական ծառայողների շրջանակը


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հունիսի 18-ի խորհրդարանի նիստում Կառավարության հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ Արդարարդատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք քրեական դատավարության իմաստով համարվելու են բարձրաստիճան պաշտոնատար անձ և պետական ծառայություն իրականացնող անձ:

«Նախագծի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են՝ ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, պատգամավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները և այլք, իսկ պետական ծառայություն իրականացնող անձինք են՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների և այլ կառույցների պաշտոնատար անձինք»,- ասաց Գալյանը:

Առաջարկվող կարգավորումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված և չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն շարունակելու են իրականացնել Հատուկ քննչական ծառայության քննիչները:

Առաջարկվում է սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակը՝ իրավունք վերապահելով ՀՀ հատուկ ծառայությանը փոխանցել այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև մի քանի այլ դեպքերում:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց միաձայն՝ 99 «կողմ» ձայնով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia