top of page

Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահություն չկա․ Նիկոլ Փաշինյան

  • Anews
  • Jan 10, 2023
  • 2 min read

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չի ստացվում կնքել խաղաղության պայմագիրը, քանի որ կողմերը մտածում են, որ դիմացինն ուզում է խաղաղություն իր ինքնիշխանության եւ պետականության հաշվին։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախորդ տարի չկքնվեց խաղաղության պայմանագիրը, եւ որոնք են երկրների միջեւ առկա անհամաձայնություններն այդ հարցում։ «Տեքստի մեջ պետք է լինի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սկզբունքորեն սրա հետ համաձայն ենք եւ մենք, եւ Ադրբեջանը։ Հակասությունն այնտեղ է, թե Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի, եւ Հայաստանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի։ Մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը փորձում է փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ ստորագրել, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը ֆիքսված չի լինի, եւ դրա ստորագրումից հետո Ադրբեջանը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ընթացքում կփորձի նոր տարածքների նկատմամբ նկրտումներ ներկայացնել, օրինակ ասի՝ Սյունիքը Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն էլ ունի մտավախություն, որ Հայաստանը կստորագրի փաստաթուղթ եւ կսկսի Ադրբեջանի պետականության եւ տարածքային ամբողջականության քայքայման գործընթաց։ «Մեր մտավախությունները հայելային են, որովհետեւ կողմերի միջեւ վստահություն չկա։ Մենք մտածում ենք, որ իրենք ուզում են վերացնել մեր պետությունը, իրենք մտածում են, որ մենք մտածում են՝ ժամանակ ձգենք, ուժեղանանք եւ վերացնենք իրենց պետությունը։ Սա տեքստային խնդիր չէ, այլ հոգեբանական, պատմական։ Եթե սա չլուծենք, չի լինելու ոչ մի բան։ Ադրբեջանն ասում ՝ ինչպես են օրինակ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում առանց վերպետական կարգավիճակի։ Ինչո՞ւ չեք համաձայնում այդ մոդելին։ Ադրբեջանցիներն ուղղակի ցանկանում են այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա այնտեղից, ստանան Ղարաբաղ առանց հայերի։ Սա էլ ամբողջ պատմությունը չէ։ Սրան հասնելուց հետո Ադրբեջանը կարող է բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ո՞ր պարագայում է հնարավոր հավատալ, որ Ադրբեջանի հետ կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Փաշինյանը երկու կետ առանձնացրեց, որոնք ըստ նրա կարող են անհնարին թվալ, բայց հնարավոր են։ «Մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն իր շահերին հակասող չի համարում Հայաստանի Հանրապետության գոյությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, եւ Հայաստանի Հանրապետությունն իր շահերին հակասող չի համարում Ադրբեջանի գոյությունը որպես անկախ եւ ինիշխան պետություն։ Եվ ՀՀ-ն ու Ադրբեջանի Հանրապետությունը իրապես պատրաստ են իրոք փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ միմյանց տալ երաշխիքներ, որ ապագայում հողային եւ տարածքային պահանջներ չեն ներկայացնի իրար։ Կան մեխանիզմներ սրա համար, օրինակ, որ խաղաղության պարագայում հստակ սահմաններ նշվեն, քարտեզ կցվի, որ ՀՀ տարածքն այսքանն է, Ադրբեջանը ճանաչում է, եւ՝ հակառակը»,- եզրափակեց Փաշինյանը։

 
 
 

Comments


bottom of page