Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել. Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։
Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձել է այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատել է, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։
Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրել են, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
Comments