Ադրբեջանի «բնապահպանական պահանջներն» ընդլայնվեցին. Աբրահամյան
Ադրբեջանի «բնապահպանական պահանջներն» ընդլայնվեցին՝ Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։ Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիներն իրեն հաղորդագրությունում եւս մեկ նախադասություն են մտցրել կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն եւ այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։ «Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի եւ Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին»,- գրել է նա։
Comments