top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի երեք մարզերում 209 շենք է վնասվել

ՀՀ երեք մարզերում հակառակորդի գնդակոծության արդյունքում վնասվել է 209 շինություն, այդ թվում՝ փրկարարական ջոկատի տեղակայման վայրը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա, մասնավորապես, ասաց, որ Սյունիքի մարզում հիմնական վնասը բաժին է ընկել Ակներ, Վերին Շեն, Քարաշեն, Նորավան եւ Ագիտա բնակավայրերին։ Այնտեղ վնասվել է 5 շենք եւ շինություն, այդ թվում՝ 4 բնակելի շենք եւ հանդիսությունների սրահը։


«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում, Կուտում եւ այլ բնակավայրերում վնասվել է 195 շենք եւ շինություն, այդ թվում՝ բնակելի շենք, դպրոցներ, բուժկետ եւ այլ քաղաքացիական օբյեկտներ։ Վնաս է պատճառվել 150 հա ցորենի եւ գարու ցանքատարածություններին։

Վայոց ձորի մարզի Ջերմուկում վնասվել է 9 շենք ու շինություն, այդ թվում՝ բնակելի շենքեր։ Գնդակոծման է ենթարկվել նաեւ փրկարարական ջոկատը, ավերվել է շենքը, որտեղ տեղակայված է ջոկատը։ Վնասվել է փրկարարական տեխնիկան։ ԱԻՆ  աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Ավերվել է նաեւ քաղաքի ճոպանուղին սպասարկող վարչակազմի շենքը»,- նշեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ հակառակորդի գնդակոծության հետեւանքով բռնկված բոլոր հրդեհները մարվել են, բացառությամբ Ջերմուկի մոտ մի հրդեհի, որտեղ ծուխ է նկատվում։ Անվտանգության նկատառումներից ելնելով այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվում։

«ՊՆ-ին աջակցություն ցուցաբերելու համար սահմանամերձ համայնքներ ՀՀ ԱԻՆ հոգեբաններ եւ բժշկական անձնակազմ է ուղարկվել։ Բացի այդ, գործում է շուրջօրյա հոգեբանական աջակցության կենտրոն, որտեղ քաղաքացիները կարող են դիմել 911 հեռախոսահամարով»,- եզրափակեց Համբարյանը։

0 comments

Comments


bottom of page