Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը, ագրեսիա սանձազերծեցին. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսակապի ձեւաչափով այսօր՝ ապրիլի 7–ին, զրույց է ունեցել ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Ինչպես փոխանցեցին ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվել են առաջիկայում կայանալիք հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ հանձնաժողովի միջեւ հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:
Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության եւ փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա:
Արա Այվազյանն ու գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր են փոխանակել նաեւ COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման եւ համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:
ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետեւանքով արցախահայության առջեւ ծառացել են հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ:
Կարեւորվել է միջազգային կառույցների՝ տեղում անմիջական ներգրավվածությունը եւ գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
