top of page
Search

Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից․ ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակ



Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, եւ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի հայկական տարածքից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի պայմանագրի։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի պատվիրակ Ժակ Լը Նեյը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի քննարկումներում։ Նա դատապարտել է ուժի կիրառումը, որն անընդունելի է։ «Այս բախումներն ամենախոշորն են 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Մենք պետք է հիշեցնենք մի շարք հիմնարար սկզբունքների մասին։ Առաջին հերթին, անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի հայկական տարածքից»,-ասել է նա։ Քաղաքական գործիչը կոչ է արել հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ կապված տեսանյութի հետ, որտեղ ադրբեջանցի զինվորները խոշտանգում եւ սպանում են հայ զինծառայողներին։ «Կողմերին կոչ եմ անում հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիր, Եվրախորհուրդը պետք է ամբողջությամբ խաղա քննարկումների համաեվրոպական հարթակի դերը եւ խթանի քաղաքական երկխոսությունը։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո միջազգային հանրությունը չի կարողանա համախմբվել: Ուկրաինայի պատերազմը հետեւանքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ի վերջո, Ռուսաստանն ավելի քան երբեւէ մեկուսացված է եւ չի պատրաստվում նպաստել քննարկումներին։ Նա ինքնին ճահճացած է Ուկրաինայում, եւ, հետեւաբար, մենք պետք է բարձրացնենք իրազեկվածությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,-հավելել է ֆրանսիացի պատվիրակը։

 
 

Comments


bottom of page