Ադրբեջանը երբեք չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ վարչապետ

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձությունները, 2021 թվականի նոյեմբերին եւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ հակառակը՝ նպատակ ունի նոր ոտնձգություններ իրականացնել նրա նկատմամբ։ Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ «Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանը դա դիտարկում է որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ եւ «ապացույց», որ Հայաստանը չի ճանաչում եւ մտադիր չէ ճանաչելու իր տարածքային ամբողջականությունը։ Զարգացնելով այս հռետորաբանությունը՝ նրանք ասում են, որ մենք նույնպես չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարծում է, որ հասել է ռազմական հաջողության եւ որ անհրաժեշտ է այն զարգացնել առավելագույնը ստանալու համար։ «Նրանք կարծում են, որ չպետք է թույլ տան հայկական կողմերի սխալը, երբ 1994-ին նրանք ռազմական հաղթանակ տարան, բայց հաղթանակն ամրապնդելու հետեւողականություն չդրսեւորեցին»,- եզրափակեց նա։
Comments