top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին


Մոսկվայում ձերբակալվել է երկու քաղաքացի, ովքեր, ըստ հատուկ ծառայությունների, ծրագրում էին ռազմական հեղաշրջում եւ Բելառուսի ղեկավարության ֆիզիկական վերացում: Ձերբակալությունը Ռուսաստանի ԱԴԾ-ի եւ Բելառուսի Հանրապետության ՊԱԿ-ի համատեղ գործողության արդյունք է եղել, հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հատուկ գործողության արդյունքում բերման են ենթարկվել Զյանկովիչ Յուրի Լեոնիդովիչը, ով ունի ԱՄՆ եւ Բելառուսի Հանրապետության երկքաղաքացիություն, եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ֆեդուտա Ալեքսանդր Իոսիֆովիչը: Ձերբակալվածները, ըստ ԱԴԾ-ի, «նախատեսում էին ռազմական հեղաշրջում իրականացնել Բելառուսում` «գունավոր հեղափոխությունների» լավ մշակված սցենարի համաձայն` տեղական եւ ուկրաինացի ազգայնականների ներգրավմամբ»: Նախատեսվում էր նաեւ ֆիզիկապես վերացնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

«Բելառուս գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն, ինտերնետ-մեսենջերներից մեկում բելառուսական արմատական ընդդիմության գաղափարախոսներ Զյանկովիչը եւ Ֆեդուտան կազմակերպել են Բելառուսում զինված խռովության քննարկում եւ որոշել են Մոսկվայում հանրապետության ԶՈւ ընդդիմադիր գեներալների հետ գաղտնի անձնական հանդիպում անցկացնել։

Զյանկովիչի՝ Մոսկվա ժամանելուն պես, ԱՄՆ-ում եւ Լեհաստանում խորհրդակցություններից հետո, նախատեսված հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաքի ռեստորաններից մեկի առանձին սենյակում: Հանդիպման ընթացքում դավադիրները «բելառուս գեներալներին» ասել են, որ իրենց ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է ֆիզիկապես վերացնել հանրապետության գործնականում ամբողջ բարձրագույն ղեկավարությանը: Նրանք մանրամասն նկարագրել են ռազմական հեղաշրջման ծրագիրը, մասնավորապես` ռադիոյի եւ հեռուստատեսության կենտրոնների գրավումը` ժողովրդին իրենց կոչը հաղորդելու համար` արգելափակելով ներքին զորքերը եւ մայրաքաղաքում գործող ու կառավարությանը հավատարիմ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները: Պատրաստվում էր Բելառուսի էներգահամակարգի ամբողջական անջատում` ուժային եւ իրավապահ մարմինների գործողությունները խոչընդոտելու համար:

Ենթադրվում է, որ ակտիվ փուլը սկսելու էին որոշ զինված կազմավորումներ («պարտիզաններ»), որոնք տեղակայված էին այսպես կոչված «թաքնված բազաներում»: Վերջնական նպատակն էր փոխել սահմանադրական կարգը՝ վերացնելով նախագահի պաշտոնը եւ երկրի զեկավարումը դնելով «Ազգային հաշտեցման կոմիտեի» վրա: Միեւնույն ժամանակ, Զյանկովիչը ծրագրում էր դառնալ երկրի խորհրդարանի եւ իրավական համակարգի «համակարգողը», մինչդեռ Ֆեդուտան ցանկանում էր զբաղվել քաղաքական բարեփոխումներով եւ գաղափարական աշխատանքով:

Հատկանշական է, որ ընդդիմադիրները որպես ռազմական հեղաշրջման օր ընտրել էին Մինսկում մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը: Նշված հանդիպումը փաստաթղթավորելուց հետո դավադիրները ձերբակալվել են Ռուսաստանի անվտանգության մարմինների կողմից եւ հանձնվել են նրանց բելառուս գործընկերներին:

Զյանկովիչի եւ Ֆեդուտայի հանդեպ Բելառուսի քննչական մարմինները քննում են քրեական գործ՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 357 հոդվածով (դավադրություն կամ պետական շխանությունը զավթելու համար կատարված այլ գործողություններ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշվում է ԱԴԾ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page