Oct 25, 2021
Չի կարող որեւէ փաստաթուղթ վերաբերել Հայաստանի սահմաններին առանց հանրաքվեի անցկացման։ Միջազգային հանրությունն այս մասին շատ լավ գիտի եւ ապագայում կարող է ամեն բան անվավեր ճանաչել։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանի պահվածքը թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ներքին օրենսդրության տեսակետից անվավեր է։ Մենք պետք է հասնենք այն բանին, որպեսզի բացառենք զիջումները»,- ավելացրեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր հերթին հիշեցրեց, որ համաձայն բոլոր երկրների (ներառյալ Հայաստանը եւ Ադրբեջանը) ընդունած եւ վավերացրած կոնվենցիայի՝ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված թուղթը համարվում է անվավեր։
«Սա միջազգային հանրության պարզագույն սկզբունքներից մեկն է։ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին չվերադարձնելը նույն սպառնալիքի լեզուն է»,- նշեց նա։
Պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանը չի կարող գնալ դավադրության Հայաստանի դեմ։ «Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է եւ պատասխանատու է իր գործողությունների համար։ Երբ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում Ադրբեջանի սպառնալիքներին, ուրեմն ի՞նչ կարելի է պահանջել Ռուսաստանից։ Հայաստանի իշխանությունները պետք է նշեն «կարմիր գծերը»։ Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ազատվեն ինքնիշխանությունից, որից այդքան վախենում են»,- ընդգծեց Վարդեւանյանը։