Sep 8, 2020

Վերացվում են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները

Արցախի հանրապետություն մուտքի և ելքի սահմանափակումները հանվում են: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համապատասխան որոշումը ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Այսուհետ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու է հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:


 
ԱՀ պարետը Արցախի բնակիչներին ու հյուրերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:

    0