Aug 1, 2021

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար:

Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ իր համար կառավարության վերջին նիստի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք փորձել ենք այնպես անել, որ մեր քաղաքականությունը պարունակի ավելի քիչ սխալներ և թերություններ: Բայց եթե դրանք եղել են, ապա ես ուզում եմ դրա համար ներողություն խնդրել ժողովրդից»,-ասել է Ռոհանին:

Ռոհանիի խոսքերով՝ «բնակչությունը դժգոհ է կենսամակարդակից, և դրանում կա ճշմարտություն»: «Բայց մենք պետք է հասկանանք, որ մենք գտնվում էինք տնտեսական պատերազմի իրավիճակում, և այս տեսանկյունից նայեք, թե ինչ կարող էինք անել», - ավելացրել է նա:

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:

    0