Jan 15, 2021

Ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը

Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին հատուկ ջերմակոնտեյներներով «Սպուտնիկ V » պատվաստանյութի մոտ 2 հազար դեղաչափ են առաքել հատուկ նշանակության բժշկական ջոկատ հետագա օգտագործման համար:

Պատվաստումը կատարվելու է 2 փուլով. պատվաստանյութի առաջին բաղադրիչը բոլոր խաղաղապահներին կներարկեն մինչեւ հունվարի վերջը, երկրորդը՝ մինչեւ փետրվարի 21-ը: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եւ ռազմական բժիշկները:

«Պատվաստանյութն առաքվել է սառեցված, ներարկման պատրաստելիս մենք այն հալեցնում ենք, ընդ որում՝ անձնակազմը նախապես զննում է անցնում: Եթե հակացուցումներ չկան, ապա մարդուն պատվաստում են: Պատվաստելուց հետո յուրաքանչյուր խաղաղապահ 30 րոպե մնում է հսկողության տակ՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիաներ չկան»,- հայտարարել է խաղաղապահների բուժկետի պետ Ալեքսեյ Կրուչինինը:

    0