Apr 6, 2021

Մենք չենք կարող անտարբեր նստել ու նայել, թե ինչպես է օրեցօր կործանվում մեր երկիրը․ Իշխան Սաղաթելյան

Իշխանական թիմը խաբել է ժողովրդին, բարեկեցիկ կյանք խոստացել, սակայն խոստումներից 3 տարի անց երևում է միայն կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար կառուցենք մեր երազած հայրենիքը»:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թշնամին Գեղարքունիքի մարզի հետ սահման ուներ 82 կմ հատված, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ: «Մեր մարզի անվտանգությունն ունի լուրջ խնդիրներ. 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ, պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, այս իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել ու նայել, թե ինչպես է օր օրի կործանվում մեր երկիրը»:

Վերջինս նշեց, որ երեք տարի շարունակ այս իշխանութունը խոստացել է, որ Գեղարքունիքի մարզում բարելավելու է կյանքը, սակայն ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել:

    0