Nov 24, 2022

Հնդկաստանը հաջող փորձարկել է միջուկային լիցք կրող «Ագնի-3» հրթիռը

Հնդկաստանն իրականացրել է «Ագնի-3» բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որը կարող է միջուկային լիցք կրել։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության պաշտպանության նախարարությանը, հինգշաբթի տեղեկացրել է The Indian Express թերթը։
 
Հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամ կղզու թռիչքադաշտից, որը գտնվում է հնդկական Օդիշա նահանգի արեւելքում, Բենգալյան ծոցում։ «Հնդկաստանն իրականացրել է միջին հեռահարության «Ագնի-3» բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակում։ Փորձարկումը կանոնավոր ուսումնական արձակումների մի մասն է, որոնք իրականացնում է ռազմավարական ուժերի հրամանատարությունը»,- պարբերականը մեջբերել է ռազմական գերատեսչության հայտարարությունը։ Փորձարկման ընթացքում հաստատվել են համակարգի բոլոր աշխատող բնութագրերը։
 
«Ագնի-3»-ն ունի 3,5 հազար կիլոմետր արձակման հեռահարություն։ 17 մետր երկարությամբ հրթիռը, որի տրամագիծը 2 մետր է, իսկ մեկնարկային քաշը՝ 50 տոննա, արդեն առկա է Հնդկաստանի սպառազինությունում։

    0