Mar 2, 2023

Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը


 
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:
 
Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:
 
Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում է. «ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական և վարչատնտեսական ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ,և բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը։ Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և տնօրենը հնարավորություն չունի լիարժեք կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները և ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը և վերահսկողությունը։ Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է մնացած ժամանակահատվածում։
 
Առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։
 
Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Մրցութային կարգով այն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել մի շարք ռիսկերից, այդ թվում՝ համակարգին և պաշտոնային պարտականություններին ոչ իրազեկ մարդկանց ներգրավվման առումով:

    0