May 6, 2022

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը


 
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:
 
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները:
 
Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց արվեստում իմպրեսիոնիզմն առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել: Երկրորդ բաժնում ներկայացված են իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքները:
 
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը, ով ողջունել է ներկաներին, կարևորել ցուցադրությունը մշակույթի հանրահռչակման և տվյալ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման տեսանկյունից:
 
Իմպրեսիոնիզմը համաշխարհային արվեստի բեկումնային շրջափուլերից էր: Այն սկիզբ է առել Ֆրանսիայից և տարածվել աշխարհի տարբեր երկրներում՝ ձևավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:
 
«Դեռևս 2017 թվականին այս ցուցադրության սեղմ տարբերակը ներկայացվել է Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում և մեծ հաջողություն ունեցել: Նկարչական այս ուղղությունը հանրահռչակելու նպատակով ամսի յոթից Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում ևս գործելու է ցուցահանդեսը»,- իրազեկել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:
 
Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:
 
Մ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ օրվա կարևոր իրադարձություններից էր երկար դադարից հետո պատկերասրահի 2 հարկերի բացումը՝ վերանորոգված և արդիականացված: Թանգարանում այսուհետև գործելու են մանկական անկյուն, «Արտ բազիզ» գրադարանը, վերանորոգված խանութն ու նախասրահը։
 
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացմանը զուգահեռ՝ վերաբացվել է նաև քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:
 
Պատկերասրահում Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը բացվել է 2008 թ.-ին: Քանդակագործի հավաքածուն շուրջ 500 աշխատանքներով ամբողջացել է 1958 թ.՝ Գյուրջյանի կտակի համաձայն, նրա կնոջ՝ Տատյանա Առաքելյանի նվիրատվության շնորհիվ:
 
Հակոբ Գյուրջյանի ցուցասրահում ցուցադրվում են մարմարից, կրաքարից, բրոնզից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ գործեր:
 
Ինչպես ներկայացրել է պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը, Հակոբ Գյուրջյանը որոշակիորեն կապ ունի նաև իմպրեսիոնիզմի հետ. «Փարիզում սովորելու տարիներին Գյուրջյանի վաղ շրջանի գործերում իմպրեսիոնիզմից ազդված ոճական աղերսներ են նկատվում: Սակայն հետո քանդակագործը գյուրջյանական ուրույն ձեռագրով է հանդես եկել, որտեղ սինթեզվել են հնագույն քաղաքակրթություններ»:
 
Նշենք, որ լայն հանրության համար Հակոբ Գյուրջյանի գործերը հասանելի կլինեն մշտական ցուցադրությամբ, իսկ «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 ամիս:

    0