Dec 1, 2022

«Զարչթոնք» կուսակցության հայտարարություն է տարածել


 
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որպես պահպանողական կուսակցություն, իր ստեղծման պահից (2021թ. մայիս) համարել է, որ միայն բարոյականությունը և ազգային-քրիստոնեական արժեքները կարող են միավորել և գոտեպնդել յուրաքանչյուր հայի, ստիպել սթափվելու և առաջ գնալու ավելի ուժեղ, ավելի հաստատակամ և ավելի մաքուր: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը:
 
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս առումով ԸՆՏԱՆԻՔ ազգային ինստիտուտի դեմ ուղղված ցանկացած ոտնձգում պետք է մերժել:
 
Այդ ոտնձգություններից են՝
 
1) Ստամբուլյան կոնվենցիան, որն «ընտանիք» հասկացության մեջ փորձում է ներառել նաև նույնասեռականներին (զուգընկերներին). այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, սակայն չի վավերացվել.
 
2) Լանզարոտեի կոնվենցիան, որն իբրև երեխաներին սեռական ոտնձգությունից պաշտպանելու նպատակ ունի, սակայն իրականում փորձում է երեխաներին ավելի վաղ տարիքից սեռական կյանքի մասին տեղեկություններ փոխանցել. այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, և 2020թ. արտակարգ դրության ժամանակ վավերացվել է.
 
3) Երեխաների որդեգրման կոնվենցիան, որով թույլատրվում է նաև նույնասեռական զույգին երեխա որդեգրել. այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, սակայն չի վավերացվել:
 
Հետպատերազմյան շրջանում, կուսակցությունն այս հարցերին չէր անդրադառնում այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած է ֆիզիկական բնաջնջումից պաշտպանվելու հիմնական հարցը և այս տիպի հարցերը կարծես երկրորդ պլան են մղված:
 
Մինչդեռ Հայաստանում Եվրոմիության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն առաջնային է համարում, փոխանակ հայ գերիների վերադարձի, ադրբեջանի պատերազմական հանցագործությունների բացահայտման, ադրբեջանական ագրեսիայի կանխման և այլ կենսական կարևոր հարցերով ակտիվություն ցուցաբերի:
 
Տեղեկացնում ենք, որ «Զարթոնք»-ը նախաձեռնելու է Ստամբուլյան կոնվենցիայի և Երեխաների որդեգրման կոնվենցիայի չեղարկման, ինչպես նաև Լանզարոտեի կոնվենցիայի չեղյալ հայտարարման հասարակական-քաղաքական գործընթացները:
 
Միաժամանակ «Զարթոնք»-ը նախապատրաստում է մի շարք օրինագծերի շրջանառությունը, այդ թվում՝
 

  • «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում այն դրույթների վերացումը, որոնք քաղաքացիների կանխիկ գործարքները սահմանափակում են և լրացուցիչ ծախսերի տակ են գցում.

  • Քաղաքացիներին պատկանող բնակարանների, հասարակական տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքերի համար առաջացող և տարեց տարի աճող խոշոր հարկերի վերացումը.

  • Չծնված երեխաների իրավունքների պաշտպանության մասին օրինագծի ներկայացումը»:

    0